«Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության ակտիվներից մեկն է։ Այն շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով։ Արտադրում է պղնձի և ցինկի խտանյութեր՝ ոսկու և արծաթի պարունակությամբ:

Շահումյանի բազմամետաղային հանքավայրի առաջին երակը հայտնաբերվել է 20-րդ դարի առաջին կեսին և փոքր քանակությամբ շահագործվել է 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին: Հանքավայրում 1929 թվականից, առանձին ընդմիջումներով, իրականացվել են երկրաբանահետախուզական աշխատանքներ:

Հանքավայրի շարունակական հետախուզումը սկսվել է 1962 թ-ից և շարունակվել է մինչև 1994 թվականը։ Նույն թվականին վերսկսվել է հանքավայրի շահագործումը՝ աշխատանքով ապահովելով տարածաշրջանի բնակիչներին:

Մինչ 1988 թվականը Կապանի կոմբինատը միավորված աշխատում էր Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ՝ պետության ենթակայության տակ, 1988 թվականից այն բաժանվեց և կոչվեց «Կապանի լեռնահարստացման կոմբինատ», իսկ 2002 թվականից Հայաստանի Հանրապետության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1859 Ա որոշմամբ կոմբինատը սեփականաշնորհվեց շվեյցարական «Դենո» ընկերության կողմից:

2006 թվականին հանքավայրը շարունակել է շահագործվել կանադական «Դանդի Փրիշս Մեթալս» կորպորացիայի կողմից, իսկ 2016 թ. այն վաճառվել է ռուսական «Պոլիմետալ Ինթերնեշնլ» ընկերությանը:

2019 թվականի հունվարից ձեռնարկությունը հանդիսանում է բրիտանական «Չաարատ Գոլդ Ինթերնեշնլ Լիմիթիդ» (Chaarat Gold International Limited) ընկերության միավոր: Վերջինս արագ զարգացող հանքարդյունաբերող կազմակերպություն է, որը հավակնում է դառնալ ոսկու արտադրության խոշոր ընկերություններից մեկն աշխարհում: Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Լոնդոնում։ Հայաստանից բացի ակտիվներ ունի նաև Ղրղզստանում:

Ընկերության գործունեության մեջ առաջնայինն ու կարևորն անվտանգ աշխատանքն է, աշխատակիցների բարեկեցությունը և շրջակա միջավայրի պահպանությունը: